Հումանիտար խնդիրը քաղաքական շահարկման առարկա դարձնելն անթույլատրելի է

18:41 • 22.01.16

Սարսանգի ջրամբարին առնչվող «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են» բանաձևի նախագիծը, որը Ռոբերտ Ուոլթերի հեղինակած մեկ այլ աղմկահարույց նախագծի հետ ընդգրկված է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում և հունվարի 26-ին կդրվի քվեարկության, բացի միակողմանի և հակահայկական լինելուց, բարձրացված հումանիտար խնդիրը դարձնում է քաղաքական շահարկման առարկա:

 

Նախ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած Սարսանգի ջրամբարին առնչվող բանաձևի նախագծում ներկայացված խնդիրները որևէ կերպ հիմնավորված և վստահելի չեն կարող լինել: Դրանք մոտավոր պատկերացումների և միայն Ադրբեջանի տրամադրած տվյալների վրա են հիմնված: Չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների պատրաստակամությանը՝ ընդունել Մարկովիչին, որպեսզի նա տեղում ծանոթանա իրավիճակին, այց Արցախ տեղի չունեցավ: «Վեհաժողովը նշում է, որ անբարեկարգ վիճակը Սարսանգի ջրամբարում կարող է հանգեցնել մարդկային մեծ կորուստներով խոշոր աղետի, ինչպես նաև թարմ հումանիտար ճգնաժամի». արդյո՞ք ընդունելի կամ թույլատրելի է անել նման «պատասխանատու» հայտարարություն, երբ անձամբ ծանոթ չես տիրող իրավիճակին, և որևէ մասնագիտական խումբ տեղում չի իրականացրել աշխատանք՝ գնահատելու Սարսանգի ջրամբարի վիճակը:

 

Նշենք, որ 2014թ.-ին տարածաշրջան կատարած այցի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եղել են նաև Սարսանգի ջրամբարի տարածքում: Նրանց և՛ քննարկումներում, և՛ համատեղ հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Սարսանգի ջրամբարի անբարեկարգ վիճակի մասին, ինչը կարող է կանգնեցնել հումանիտար ճգնաժամի առջև: Համանախագահները պարզապես հույս են հայտնել, որ կողմերը համաձայնության կգան՝ միասին օգտագործելու Սարսանգի ջրի պաշարները՝ ի նպաստ տարածաշրջանի: Կոչ, որը տրամաբանական և առավել կոռեկտ կլիներ լսել նաև Վեհաժողովից. չէ՞ որ հենց հակամարտությունների հումանիտար խնդիրներն են, որ գտնվում են ԵԽԽՎ գործունեության դաշտում: Արդյո՞ք այս բանաձևի նախագիծը, որը, ըստ էության, իր առջև դնում է հումանիտար խնդիր, սակայն ընթացքում տալիս է շեղումներ, չէր կարող դառնալ այն գործիքներից մեկը, որով ևս մեկ անգամ կշեշտադրվեր և կկարևորվեր կողմերի միջև վստահության միջոցների զարգացումը:


Սակայն փաստն այն է, որ սրա փոխարեն նախագծի բանաձևում Վեհաժողովը խնդրում է «hայկական զինված ուժերի արագ դուրսբերումը տվյալ տարածաշրջանից», խնդիր, որը չի գտնվում ԵԽԽՎ իրավասության ներքո և հումանիտար խնդրին տալիս է քաղաքական երանգավորում: Ավելին՝ Ղարաբաղյան հակամարտության հումանիտար խնդիրների բոլոր առանձնահատկություններին ծանոթ Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցություններ չանցկացնելը ևս կասկածներ է առաջացնում զեկուցողի՝ մարդասիրական մղումների հետ կապված: Ցավոք, ԵԽԽՎ ղեկավարությունը չի գիտակցում, որ նման միակողմանի զեկույցները միայն խոչընդոտում են գործընկեր ԵԱՀԿ-ին՝ մասնավորապես Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր ավելի քան 20 տարի զբաղվում են հակամարտության կարգավորմամբ:


ԵԽԽՎ որոշ պատգամավորներ, փաստորեն, գուցե և ոչ կանխամտածված խոչընդոտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և իրենց անպատասխանատու գործելաոճով նպաստում են Ադրբեջանի սանձարձակ քաղաքականությանը՝ դառնալով պատասխանատու հակամարտության սրման ու զոհերի համար:

 

Կարեն Մարտիրոսյան
 

 

Հումանիտար խնդիրը քաղաքական շահարկման առարկա դարձնելն անթույլատրելի է