ՄԽ-ն ԵԽԽՎ-ին կոչ է անում չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն բանակցային գործընթացը
ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։ Այդ մասին ասված է համանախագահների տարածած հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի Դաշնությունից Իգոր Պոպովը, ԱՄՆ-ից Ջեյմս Ուորլիքը, Ֆրանսիայից՝ Պյեր Անդրյոն, ողջունել են ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների միջոցով կարգավորում գտնելու ջանքերը և հայտարարել են, որ պատրաստ են համագործակցային սկզբունքով աշխատել խաղաղ կարգավորմանը հավատարիմ կողմերի հետ։
«Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կարող է մոտ ապագայում հակամարտության վերաբերյալ բանաձևեր քննարկել և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին և տարածաշրջանային և միջազգային այլ կազմակերպությունների, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների համար միակ ընդունված ձևաչափը: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած շահագրգռվածությունը, բայց կոչ ենք անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են թուլացնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից Մինսկի խմբի ունեցած մանդատը կամ բարդացնել ընթացող բանակցությունները»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կմեկնարկի հունվարի 25¬ից: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է երկու հակահայկական զեկույց: Զեկույցներից մեկը, որի հեղինակն է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, կրում է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումը: Երկրորդ զեկույցը վերաբերում է Սարսանգի ջրամբարին և կրում է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» խորագիրը: Զեկույցի հեղինակը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Հակահայկական բանաձևերը քվեարկության կդրվեն հունվարի 26–ին:










