«Շտապօգնության» մեքենայում գտնվող Շ. Բախշյանին ազատման թուղթը տրամադրելու համար քննիչը ժամադրել է նրան Խանջյանում

18:21 • 23.01.16

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից  ազատ արձակված  «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը,  մինչ սպասել է քննիչի` իր նկատմամբ ապօրինի կալանքը վերացնելու որոշմանը /դատարանի ձևակերպումն է/ ունեցել է գիտակցության կորուստ և «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է Նորքի սուր վարակիչ հիվանդանոց:


Այդ ընթացքում, ինչպես հաղորդեց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, քննիչը  ոչ միայն չի եկել, որպեսզի  իր պաշտպանյալը կարողանա լքել դատարանի շենքը,  այլ հեռախոսով հրահանգել է` «Ճանապարհին Խանջյանին վրա կանգնեք, թուղթը տամ»:


Հիշեցնենք, որ   այսօր դատարանի որոշմամբ`  Շուշանիկ Բախշյանը դատարանի վճռով` ազատ է արձակվել , իսկ քննիչին    «պարտավորեցվել էր   վերացնել ապօրինի ձերբակալումը», բայց նա,   ըստ փաստաբան Սիրունյանի`  դատարանից  փախել էր:


Դրանից հետո արդեն Խանջյան փողոցում ` պատգարակով, «Շտապօգնության» մեքենայով սպասելուց հետո, քննիչը իջել է, սակայն «թուղթը» չի տվել, այլ խոստացել է այն ներկայացնել հիվանդանոցում:


Հիշեցնենք, որ  դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։

 

«Շտապօգնության» մեքենայում գտնվող Շ. Բախշյանին ազատման թուղթը տրամադրելու համար քննիչը ժամադրել է նրան Խանջյանում