Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի անվտանգությունը հսկող զինվորները մարիխուանա ու կոկաին են օգտագործել

13:12 • 23.01.16

Շվեյցարական բանակը հաղորդել է, որ տուն է ուղարկել այն զինվորներին, որոնք Դավոսում այս օրերին անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի անվտանգությունն ապահովելու ժամանակ մարիխուանա են ծխել ու կոկաին օգտագործել, տեղեկացնում է BBC-ն:

 

Շվեյցարական զորքերի ներկայացուցիչ Շտեֆան Գոֆերն ասել է, որ զինվորների մի խումբ, որը  թմրանյութ օգտագործելու կասկած է հարուցել, կանչվել է ռազմական ոստիկանություն։


Քննության ընթացքում պարզվել է, որ 12 զինվոր մարիխուանա է օգտագործել, իսկ նրանցից 5-ը՝ կոկաին։

 

Շվեյցարական բանակը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում 4.500 զինվոր է տեղակայել:

 

Ռազմական ներկայացուցչի խոսքով՝ կարևոր է, որ բոլոր զինծառայողներն ունակ լինեն կատարելու պարտականությունները։

 

Բոլոր այն զինվորները, որոնք թմրանյութ են օգտագործել, տուն են ուղարկվել, նրանց կարգապահական տույժ է սպառնում։

Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի անվտանգությունը հսկող զինվորները մարիխուանա ու կոկաին են օգտագործել