Ճապոնիան 2015-ին ընդամենը 27 փախստական է ընդունել՝ չնայած ռեկորդային թվով դիմումներին
Ճապոնիայի կառավարությունը 2015 թվականին ռեկորդային թվով դիմումներ է ստացել փախստականի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, սակայն հաստատել է միայն 27-ը, հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը:
2015-ին Ճապոնիան ստացել է 7.586 համապատասխան դիմում 69 երկրների ներկայացուցիչներից: Ամենաշատ քանակությամբ դիմումներ ստացվել են Նեպալի քաղաքացիներից` 1.768 մարդ: Երկրորդ տեղում են Ինդոնեզիայի քաղաքացիները` 969 մարդ, իսկ 3-րդ տեղում` Թուրքիան` 926 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Սիրիայից դեպի Եվրոպայի երկրներ փախստականների ուժեղ հոսքի ֆոնին պետք է նշել, որ ընդամենը 5 սիրիացի է դիմել Ճապոնիայում փախստականի կարգավիճակ ստանալու համար: Հատկանշական է, որ նրանցից 3-ը հաստատվել են ճապոնական կառավարության կողմից:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան այս շաբաթ հայտարարել է, որ երկիրը մտադիր է լրացուցիչ 350 մլն դոլար հատկացնել Սիրիայում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման համար:










