Թուրքիայում ազատազրկված պոլսահայ մտավորականին տեղափոխել են փակ ռեժիմի բանտ
Թուրքիայում տասնմեկուկես տարվա ազատազրկման դատապարտված պոլսահայ մտավորական, գրող Սևան Նիշանյանը Սուլթանհիսայի բաց ռեժիմի բանտից տեղափոխվել է փակ ռեժիմի բանտ։
Ինչպես տեղեկացնում է «Ակօս» թերթի կայքը, Նիշանյանի փաստաբաններից Մուրաթ Աքչին ասել է, թե տեղյակ չէ տեղափոխման պատճառների մասին:
«Նրան փակ ռեժիմի բանտ տեղափոխելու վերաբերյալ տեղեկությունը ճիշտ է: Սակայն այդ տեղափոխման պատճառը ոչ ոք չգիտի: Այդ մասին կիմանամ երկուշաբթի՝ նրան այցելելուց հետո: Նոր կառուցված այդ բանտը թե՛ բաց, թե՛ փակ հատվածներ ունի»,-ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ պոլսահայ լրագրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը Թուրքիայում ազատազրկման էր դատապարտվել սեփական հողամասում ապօրինի շինություն կառուցելու համար։










