Բայդենն ու Էրդողանը Ստամբուլում քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցությունն ամրապնդելու հարցը
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության հարցը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Էրդողան-Բայդեն հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում:
Հունվարի 21-ին Բայդենը մեկնել էր Թուրքիա։ Այցի շրջանակում նախատեսված էր նրա հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։
Բայդենն ու Էրդողանը նաև քննարկել են Թուրքիայի և Իրաքի միջև ստեղծված վերջին լարվածության հարցը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Թուրքիան զորք էր մտցրել Իրաք՝ քուրդ «փեշմերգաներին» ԻՊ-ի դեմ պայքարին պատրաստելու պատրվակով: Իրաքի իշխանությունները Թուրքիայի այդ քայլը «թշնամական գործողություն» էին որակել:










