Կադիրովը պարզաբանել է, թե ինչու է ինքը ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչում ստացել
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտնել է, որ 2006 թվականին Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչում է ստացել Չեչնիայում խաղաղությունը վերականգնելու համար, ինչն իր համար «լավագույն դոկտորական դիսերտացիան» է։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ մի շարք քաղաքական գործիչներ, ի պատասխան արտահամակարգային ընդդիմության մասին Չեչնիայի նախագահի հայտարարությունների, Կադիրովին ակադեմիկոսի կոչումից զրկելու հարց են բարձրացրել։
«Ես երկար փորձում էի չարձագանքել այն ցինիկ խոսակցություններին, թե Կադիրովն ակադեմիկոս է՝ առանց գիտական աշխատանքների։ 2006 թվականին Գուդերմես եկավ ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդր Լագուտկինը։ Նա նշեց, որ կոչումն ինձ շնորհվում է Չեչնիայի Հանրապետությունում խաղաղության ու կայունության հարցում հաջողությունների համար։ Գիտությունների ակադեմիայի ղեկավարությունը երբեք չի հայտարարել, թե այդ կոչումը գիտական աշխատանքի համար է։ Ակադեմիայի ղեկավար Օլեգ Կուզնեցովն էլ ասել էր, որ կոչումը շնորհվում է «Չեչնիայի զինծառայողների ու բնակիչների կյանքը փրկելու ամենօրյա աշխատանքի համար»,-գրել է Կադիրովն Instagram-ի իր էջում։
Պաշտոնյան նշել է, որ Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչում ունեն նաև Ուելսի արքայազն Չարլզը, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին և շատ ուրիշներ, որոնք «որևէ կապ չունեն բացահայտումների ու գյուտերի հետ»։










