Միջուկային փորձարկումների պատճառով մոտ 10 երկիր հրաժարվել է դեսպանատուն բացել Հս. Կորեայում. լրատվամիջոցներ
Հյուսիսային Կորեան, կարծես, «կրակել է ինքն իր ոտքին». տարբեր պետությունների հետ հարաբերությունների կարգավորման վրա երկար ժամանակ ծախսելուց հետո ԿԺԴՀ-ն փչացրեց ամեն ինչ՝ հունվարին միջուկային փորձարկումներ իրականացնելով, գրում է rg.ru-ն։
Աղբյուրը՝ հարավկորեական լրատվամիջոցներին հղումով, նշում է, որ մոտ 10 երկիր մտադիր է եղել դեսպանատուն բացել Փհենյանում, սակայն հունվարի 6-ի փորձարկումներից հետո մտափոխվել է:
«Որքանով մեզ հայտնի է՝ Եվրոպայի, Հարավարևելյան Ասիայի և Լատինական Ամերիկայի մոտ 10 երկրներ դադարեցրել են բանակցությունները ԿԺԴՀ-ի հետ՝ Փհենյանի հետ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր վերականգնման և Հյուսիսային Կորեայում իրենց ներկայացուցչությունները բացելու վերաբերյալ»,-ասել է Հարավային Կորեայի կառավարության մի պաշտոնյա՝ չցանկանալով հրապարակել իր անունը:
«ԿԺԴՀ-ի միջազգային շրջափակումն ուժեղացել է վերջին միջուկային փորձարկումների պատճառով: Օրինակ՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները դիմել էին Թաիլանդին՝ առաջարկելով Փհենյանում դեսպանատուն բացել, սակայն Բանգկոկը վերջին իրադարձություններից հետո չի պատրաստվում գնալ այդ քայլին»,-ասել է պաշտոնյան:










