Իրանի նախագահը եվրոպական շրջագայությունը կսկսի Իտալիա այցից
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հունվարի 25-ին կսկսի իր եվրոպական շրջագայությունը, որի ընթացքում կայցելի Իտալիա, Վատիկան և Ֆրանսիա:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, սա Իրանի նախագահի առաջին արտասահմանյան այցն է՝ հունվարի 16-ին միջուկային համաձայնագրի կյանքի կոչումից հետո:
Հասան Ռոհանին Իտալիա և Ֆրանսիա պետք է այցելեր անցյալ տարվա նոյեմբերի 14-17-ին, սակայն այցը հետաձգել էր՝ պայմանավորված Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններով, որոնք խլեցին ավելի քան 130 մարդու կյանք։
Իտալիան և Իրանը ձգտում են վերականգնել առևտրա-տնտեսական կապերը: Հունվարի 25-26-ին Ռոհանին Հռոմում կհանդիպի Իտալիայի նախագահի ու վարչապետի հետ: Հանդիպումներ կլինեն նաև Իտալիայի գործարարների հետ:
Իտալիան եղել է Թեհրանի խոշորագույն եվրոպական առևտրային գործընկերներից մեկը: Երկկողմ առևտրաշրջանառությունը 2011 թվականին կազմել է 7 մլրդ եվրո, սակայն արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո այն նվազել է՝ հասնելով տարեկան 1 մլրդ-ի:
Հասան Ռոհանիին Վատիկանում ընդունելու է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:










