Տավուշում ավազակային հարձակման և սպանության դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել

13:46 • 25.01.16

ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման և սպանության դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։


Նախնական քննության տվյալներով՝ հունվարի 23-ի լույս 24-ի գիշերն առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, դանակով զինված, մուտք են գործել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1929թ. ծնված Կառլեն Իսրայելյանի կացարան, որտեղ վերջինս գտնվել է իր որդու՝ 1959թ. ծնված Ռազմիկ Իսրայելյանի հետ, և գումար պահանջել։ Մերժում ստանալով՝ տուն ներխուժած անձինք առանձին դաժանությամբ դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել հայր և որդի Իսրայելյաններին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Ռ.Իսրայելյանը մահացել է, իսկ Կ.Իսրայելյանը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։


Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով։


Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:


Դեպքի վայրի զննությամբ վերցվել են փորձանմուշներ և նշանակվել փորձաքննություններ։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարականներ են տրվել ոստիկանության համապատասխան  ստորաբաժանումներին։
 

Տավուշում ավազակային հարձակման և սպանության դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել