Թայվանում անսովոր ցրտերի պատճառով 85 մարդ է մահացել. օդի ջերմաստիճանը հասել է +4-ի (տեսանյութ)
Թայվանում հանգստյան օրերին այս կղզու համար անսովոր ցրտերի պատճառով առնվազն 85 մարդ է մահացել, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Նրանցից 35-ը մահացել են Թաոյուան բնակավայրում, իսկ 31-ը՝ մայրաքաղաք Թայբեյում, որտեղ օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 4 աստիճան տաքության։ Դա վերջին 43 տարվա ընթացքում գրանցված ամենացածր ջերմաստիճանն է։
Գաոսյուն քաղաքում մահացել է 65-93 տարեկան 16 մարդ։ Նրանց մահվան պատճառ են դարձել սրտի հետ ունեցած խնդիրները՝ պայմանավորված ջերմաստիճանի կտրուկ անկումով։
Բժիշկները Թայվանի բնակիչներին խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում դուրս չգալ փողոց։
ТАСС-ի տեղեկություններով՝ անսովոր ցրտերը հասել են նաև Հոնկոնգ, որտեղ ջերմաչափը զրոյից բարձր 3 աստիճան է ցույց տալիս։ Տեղի իշխանությունները չեղարկել են դասերը դպրոցներում ու մանկապարտեզներում։ Շատ մարդիկ այստեղ պատրաստ չեն ցրտերին, բնակելի տներից շատերը չունեն ջեռուցման համակարգեր։










