ՀՅԴ-ն իրեն տեսնում է բոլոր ոլորտներում, որտեղ կարող է ազդեցություն ունենալ. Արծվիկ Մինասյան

16:40 • 29.01.16

 

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը չի հրաժարվի իշխանությունների հետ համագործակցելուց, եթե տեսնի, որ որևէ ոլորտում կա ՀՅԴ-ի կարիքը, դերակատարությունը:

 

«Մենք համագործակցությունից չենք խորշում, ասում ենք, առաջարկում ենք՝ առանց քաշվելու, մտածելու՝ արդյո՞ք այդ ոլորտում մեզ կտրամադրվի լծակ, թե ոչ»,- մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

 

Հարցին՝ ո՞ր ոլորտներն են առաջնահերթ համարում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, թե բոլոր ոլորտները փոփոխությունների կարիք ունեն: Այնուամենայնիվ, ՀՅԴ խմբակցության պատգամավորը նշեց, որ երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները տնտեսական խնդիրներն են, անվտանգության, ներքին հանդուրժողականության, արդարության հաստատմանը վերաբերող հարցերը:

 

«Ի՞նչ կլինի՝ կորոշվի քննարկման արդյունքում: ՀՅԴ-ն իրեն տեսնում է բոլոր ոլորտներում, որտեղ կարող է ազդեցություն ունենալ: Չեմ ասի՝ կոնկրետ որ ոլորտն է առաջնային, ինձ վրա նման պատասխանատվություն չեմ վերցնի»,- ասաց Մինասյանը:


Դիտարկմանը, թե ի վերջո ՀՀԿ-ն է որոշելու, թե ինչ պաշտոններ կտրվեն ՀՅԴ-ին, ՀՅԴ-ական պատգամավորը չհամաձայնեց՝ այդպես էլ չասելով, թե կոնկրետ ինչ պաշտոններ են իրենք ակնկալում:

 

Tert.am-ի հարցին, թե ինչպե՞ս է ՀՅԴ-ն իշխանությունների հետ կոալիցիա կազմում, երբ նոր Սահմանադրության ընդունմամբ, ինչպես ասել էր Հրանտ Մարգարյանը, լուծվում են իրենց 7 կետերից միայն 3-ը, Մինասյանը պատասխանեց, որ լրագրողական առանձին ճկուն մոտեցումների արդյունքում իրենց 7 կետերը դարձան պահանջներ, ուլտիմատումի կետեր, այնինչ դրանք օրակարգային առաջնահերթություններ են:
 

«Մենք ասել ենք, որ եթե 7 կետերը լուծվեն, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների 90 տոկոսը համարում ենք լուծված»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

ՀՅԴ-ն իրեն տեսնում է բոլոր ոլորտներում, որտեղ կարող է ազդեցություն ունենալ. Արծվիկ Մինասյան