Բրիտանական կղզիներին է մոտեցել «Գերտրուդ» փոթորիկը՝ առանց էլեկտրականության թողնելով հազարավոր տներ
Միացյալ Թագավորությանն է մոտեցել «Գերտրուդ» փոթորիկը, որն առանց էլեկտրականության է թողել Հյուսիսային Իռլանդիայում, Շոտլանդիայում և Անգլիայի հյուսիսային շրջաններում հազարավոր տներ, հաղորդում է ТАСС-ը։
Առկա տեղեկությունների համաձայն՝ ամենադժվար իրավիճակն այժմ ստեղծվել է Հյուսիսային Իռլանդիայում, որտեղ քամու ուժգնությունը հասնում է ժամում 150 կիլոմետրի։ Արդյունքում՝ առանց էլեկտրականության է տարածաշրջանում մնացել մոտ հինգ հազար սպառող, և համապատասխան ընկերությունները չեն բացառում հետագա անջատումների հնարավորությունը։
Բացի էլեկտրական լարերը վնասելուց՝ քամին բազմաթիվ ծառեր է տապալել գետնին։
Շատ շրջաններում սահմանվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ՝ չորսբալանոց համակարգում երրորդը։










