Դաշնակցության հետ դեռևս քննարկվում է համագործակցության ձևաչափը. Է. Շարմազանովը՝ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կոալիցիայի մասին

21:42 • 29.01.16

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկումը ծավալվել է սահմանադրական բարեփոխումներից բխող ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ Հանրապետական կուսակցության տեսակետների շուրջ:


«Քննարկվել է նաև առաջիկա նստաշրջանի քառօրյայի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպումը և մի շարք ներքին ու արտաքին քաղաքական հարցեր»,-ասաց Շարմազանովը:


Պատասխանելով հարցին, թե մամուլում հրապարակումներ են եղել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համատեղ ուժերով կոալիցիա կազմելու մասին, ինչպես նաև արդեն պաշտոնների բաշխման հարց է եղել, ՀՀԿ խոսնակն ասաց. «Մամուլը բաշխում է, մամուլը նշանակում է, ազատում է, դա մամուլի խնդիրն է: Ես չեմ պատրաստվում մամուլով հրապարակվող բոլոր հոդվածներին անդրադառնալ, քանի որ նրանքն այնքան բազմազան են և բազմաժանր, որ դժվար է պատասխանել»:


Ապա Շարմազանովն ասաց, թե որպես Հանրապետական կուսակցության խոսնակ կարող է պատասխանել իրենց կուսակցության փոխարեն. «Մենք դռները չենք փակում, մենք համագործակցության կողմնակից քաղաքական ուժ ենք, բայց համագործակցությունը պետք է լինի ծրագրային, գաղափարական: Դաշնակցության հետ դեռևս քննարկվում է համագործակցության ձևաչափը, միգուցե հաջորդ նիստի ընթացքում կամ դրանից հետո նոր զարգացումների մասին կխոսեմ, այս պահին վերջնական որևէ բան հստակեցված չէ, կապրենք կտեսնենք»:


Էդուարդ Շարմազանովն ասաց, թե որևէ պաշտոնների բաշխում, որևէ կոալիցիոն քննարկում և վերջնական որոշում տեղի չի ունեցել:

 

Լրագրողի հարցին, թե Գալուստ Սահակյանն ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ «խոսք ու զրույց է գնացել», կարո՞ղ է հաստատել, որ Ազգային ժողովում այս հարցի շուրջ քննարկումներ եղել են, Շարմազանովը պատասխանեց. «Եթե նույնիսկ հանդիպում եղել է, ապա որևէ կուսակցության հետ համագործակցության որևէ ձևաչափի հետ կապված վերջնական որոշում չունենք: Իսկ հանդիպումներ պարբերաբար կարող են լինել այս կամ քաղաքական ուժի հետ»:

Դաշնակցության հետ դեռևս քննարկվում է համագործակցության ձևաչափը. Է. Շարմազանովը՝ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կոալիցիայի մասին