«Համահայկական մրցանակաբաշխություն 2016»-ը կնվիրվի ՀՀ և ԼՂՀ անկախության հոբելյաններին

15:46 • 30.01.16

 


Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. գիտական և ստեղծագործական աշխատանքների համահայկական հերթական համատեղ մրցանակաբաշխության անցկացմանը նվիրված խորհրդակցությունը տեղի է ունեցել  հունվարի 30-ին:
 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ստեղծագործական միությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
 

Խորհրդակցության մասնակիցները քննարկել են մրցանակաբաշխության բովանդակությանը, պայմաններին, ուղղություններին, անվանակարգերին վերաբերող հարցեր, կազմակերպչական խնդիրներ:
 

Որոշվել է «Համահայկական մրցանակաբաշխություն 2016-ը» անցկացնել «Համազգային միասնությունը՝ հավաքական ուժի և հզորության գրավական» խորագրով՝ նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին:
 

Քննարկվել են նաև ՀՀ սփյուռքի նախարարության ու Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համագործակցության շրջանակներում իրականացվող այլ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:
 

 

«Համահայկական մրցանակաբաշխություն 2016»-ը կնվիրվի ՀՀ և ԼՂՀ անկախության հոբելյաններին