Խոշոր ահաբեկչություն Դամասկոսում. զոհերի թիվը հասել է 76-ի

08:44 • 01.02.16

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, երկրի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ զոհերի թիվը հասել է 76-ի, վիրավոր է 110 մարդ։

 

Ահաբեկչությունը տեղի է ունեցել սիրիական մայրաքաղաքի շիական թաղամաս համարվող Սեյիդ Զեյնաբում։ Պայթուցիկներից մեկն ահաբեկիչները պայթեցրել են հեռակառավարմամբ. այն տեղադրված է եղել ավտոմեքենայում։ Միաժամանակ գործողություն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը. նա իրեն պայթեցրել է երթուղային ավտոբուսում։ Մի քանի րոպե անց պայթել է ևս մի ահաբեկիչ։

 

«Ալ-Ջազիրա»-ի հաղորդմամբ՝ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

 

Սիրիայի արտգործնախարարությունը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ Դամասկոսի ահաբեկչությունները կոչելով Ժնևյան բանակցությունները տապալելու փորձ։

Խոշոր ահաբեկչություն Դամասկոսում. զոհերի թիվը հասել է 76-ի