Մեքսիկայում տոնակատարության ժամանակ 11 մարդ է սպանվել
Մեքսիկայի Գերերո նահանգի Կոյուկա շրջանում 11 մարդ է մահացել, այսպես կոչված, «15-ամյակի տոնակատարության» ժամանակ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով նահանգապետ Էկտոր Աստուդիլյո Ֆլորեսին։
«Ըստ տեղեկության, որը մենք ունենք, «15-ամյակի տոնակատարությունն» էր, այնտեղ խնդիր է ծագել, ինչի հետևանքով 11 մարդ է մահացել»,- նշել է Ֆլորեսը:
Այդ տոնակատարությունը շատ տարածված է Մեքսիկայում, այն կազմակերպում են բոլոր այն աղջիկների համար, ովքեր հասել են այդ տարիքին։ Սովորաբար տոնակատարությանը հավաքվում են հարյուրավոր հյուրեր:
Նահանգապետի խոսքով` սպանության մասին ազդանշանից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանական ուժեր, սակայն ժամանելուց հետո նրանց վրա կրակել են անհայտ ավազակները: Իրավապահների շրջանում կորուստների մասին չի հաղորդվում:
Բացի այդ, տվյալ շրջանում նույն ժամանակահատվածում գնդակահարվել է նորապսակ զույգ, որը մեքենայով մեկնելիս է եղել Մեխիկոյից Սիուատանեխո քաղաք` այնտեղ մեղրամիսն անցկացնելու համար: Գերերոյի դատախազությունը կարծում է, որ նրանց կարող էին սպանել նույն ավազակները, ովքեր հարձակվել են ոստիկանության վրա:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և բանակի լրացուցիչ ուժեր, իշխանությունները հետաքննություն են սկսել։










