Դպրոցներում աշակերտների հաճախումների ցուցանիշը երեկվա դրությամբ կազմել է շուրջ 80%. Ա. Աշոտյան

14:58 • 02.02.16

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին բավարարում է դպրոցներում աշակերտների հաճախելիության ցուցանիշը: Լրագրողների հետ զրույցում Աշոտյանը նշեց, թե փետրվարի 1-ից դպրոցներում դասերը վերսկսվել են, և հաճախումների ցուցանիշը երեկվա դրությամբ կազմել է շուրջ 80%:


«Սովորական օրերին մենք ունենում էինք 85-90 % հաճախելիության ցուցանիշ: Իհարկե, դեռ կա հիվանդության խնդիր, և ծնողները որոշ մտահոգություն ունեն, չեն ուղարկում երեխաներին դպրոց, բայց այս հաճախումների ցուցանիշը ինձ բավարարում է, որպեսզի դպրոցները վերսկսեին իրենց աշխատանքները: Մարտահրավերը գոյություն ունի և պետք է դա հաղթահարենք մինչև մայիսի վերջ», -ասաց նա՝ հավելելով, որ Վերջին զանգի ժամկետը Հայաստանում չի փոխվելու:

 

Նախարարի խոսքով՝ դպրոցները հետևել են իր հանձնարարականին, մինչև դասերը սկսելը ջեռուցել են դպրոցների շենքերը: Այդուհանդերձ, նա նշեց, թե Արարատի ու Շիրակի մարզերում դեռևս կան դպրոցներ, որոնք չեն ջեռուցվում, չեն բացվել ու, հետևաբար,  հետ են ընկել ընդհանուր ուսումնական գործընթացից:

 

«Անգամ,  առանց այս գրիպի էլ, մենք գյուղերում ունեցել ենք դպրոցներ, որտեղ ջեռուցման խնդիրը միշտ է եղել», -ասաց Աշոտյանը:

Ըստ նրա՝արվում է ամեն հնարավորը՝ խնդիրները հարթելու համար:

Դպրոցներում աշակերտների հաճախումների ցուցանիշը երեկվա դրությամբ կազմել է շուրջ 80%. Ա. Աշոտյան