Նախնական վարկածով` ռուս զինծառայողը սխալմամբ է այցելել գյումրեցի ընտանիքին. տանտերը նոր մանրամասներ է ներկայացնում

19:01 • 02.02.16

 

Գյումրեցի Երանոսյանների ընտանիք 5 տարեկան թոռը, որոնց բնակարանն, ըստ նախնական տեղեկատվությամբ, գիշերը՝ ժամը 12-ին, սխալմամբ այցելել էր  Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայողը, այնքան էր վախեցել, որ պապին ասել էր`«պապի, դուռը բաց մի արա, Պերմյակովն է»:


Այս մասին Tert.am-ին հայտնեց Ձոնիկ Երանոսյանը`հավելելով.«Դուք էլ լավ գիտեք՝ մեկ տարի առաջ ինչ դեպք կատարվավ մեր քաղաքում, դա աչքի տակ ունենալով, մարդու մտքից լավ բաներ չեն անցնի: Էդ պահով, կինս բղավում էր, հարսս, երեխեքը քնած էին, հետո արթնացան ու թոռս`«պապիկ դուռը մի բաց, դուռը մի բաց, կարող է` Պերմյակովն է: 5 տարեկան էրեխու հոգեբանությունը պատկերացրեք»:

Հիշեցնենք, որ  ռուս զինծառայողն ուժեղ թակելով դուռը, պահանջել է բացել՝ բղավելով «ատկրոյ, ատկրոյ», իսկ   ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից դեպքի կապակցությամբ հայտնել էին, որ  Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանում բնակվող Երանոսյանների տուն ներխուժելու փորձի կապակցությամբ Գյումրու Մուշ թաղամասում նյութեր են նախապատրաստվում:


Ձոնիկ Երանոսյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել:
«Ես կուզեի դուռը բացել, կինս,թե մի բաց, «գլազոկից» նայեցի` ռուս անձնավորություն ա` ոգելից խմիչքի ազդեցության տակ,  ես ասացի՝ «парень, возможно, вы ошиблись… спокойно спускайтесь вниз!», իմ  ըսելոց հետո նորից «զամոկը» սկսեց քաշել, բա `«ատկրիվայ»: Ես` հանգիստ, առանց հայհոյանքի  ասեցի`«թող գնա», բայց ինքը կպած կուզեր դուռը բացել տար: Իմ մտքովս էլ ուրիշ բան անցավ, հետո զանգ տվեցինք ոստիկանություն»,-ասաց նա:
15 րոպե հետո ժամանած ոստիկանության աշխատակիցները ռուս զինծառայողին բերման են  ենթարկել ոստիկանություն:

Դեպքից հետո Երանոսյանների տուն են այցելել Գյումրու փոխքաղաքապետը, Անի թաղամասի թաղային տեսուչը, հետաքրքրվել Երանոսյանների որպիսությամբ, իսկ փոխքաղաքապետն անգամ հոգեբանի ծառայություն է առաջարկել:

Երանոսյաններն իրենք գերադասել են երեխաներին տանել իրենց թաղամասում բնակվող «վախ բռնողի մոտ»:

«Բոլորն էլ Աստծուն փառք են տալիս, որ ամեն ինչ ըտենց բարվոք վերջացավ, ուղղակի իմ տանս անդամները շատ մեծ սթրես տարան»,-ասաց գյումրեցին:

Նա Պարույր Սևակի 13 շենքում բնակվում է կնոջ, հարսի և  3 ու  5 տարեկան թոռների  հետ:

Նախնական վարկածով` ռուս զինծառայողը սխալմամբ է այցելել գյումրեցի ընտանիքին. տանտերը նոր մանրամասներ է ներկայացնում