Դասերի վերսկսման առաջին օրը գրանցվել է աշակերտների մինչև 30 տոկոս բացակայություն
Փետրվարի 1-ին հանրակրթական դպրոցներում դասերի վերսկսման առաջին օրն արձանագրվել է աշակերտների մոտ 30 տոկոսի բացակայություն: Այս մասին Tert.am -ին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Այսօրվա տվյալները ձեռքիս տակ դեռ չկան, բայց երեկվա տվյալներով` 20-25-30 տոկոսով բացակայություն կար, որը կապվում էր տարբեր պատճառների հետ: Մեկը հիվանդության, մյուսը` ուղղակի փորձել էին տեսնել` առաջին օրը ինչ կլինի, բերե՞ն, թե՞ չէ։ Ծնողները հետաքրքրվում էին տաքության առումով»,-ասաց Նարինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Կրթության և Առողջապահության նախարարությունները համատեղ դպրոցներում իրականացնում են սուր շնչառական վիրուսային հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված քայլեր:
ԿԳՆ վարչության պետը նշեց, որ Հայաստանի բոլոր մարզերի ու մայրաքաղաքի բոլոր դպրոցներում 1-2 բուժքույր, նախքան պարապմունքները, զննում են երեխաներին և հիվանդության կասկածների դեպքում նրանց հետ ուղարկում:
Որոշ ծնողներ Tert .am -ի հետ զրույցում նշեցին են, որ ստուգումները ձևական են, ոմանք էլ ասացին, որ իրենց երեխաներին, առհասարակ, չեն զննել:
ԱՆ հասարակայնության հետ վարչությունից հայտնեցին, որ դպրոցներում իրականացվող մոնիտորինգը նաև այդ նպատակով է իրականացվում, եթե ինչ-որ տեղ նկատում են, որ ինչ-որ բան այն չէ, ահազանգում են հիմնադրին: Այսինքն` եթե դպրոցը մարզպետարանի վերահսկողության տակ է, ապա` մարզպետարան են զանգահարում, եթե քաղաքապետարանի՝ քաղաքապետարան:
Բացի հիվանդ երեխաներին ֆիլտրելը, մոնիտորինգը նպատակ ունի վերահսկել դպրոցներում, դասասենյակներում, միջանցքներում ջերմաստիճանը:










