Ադրբեջանի ֆեոդալ էլիտան օգնություն է փնտրում արևմտյան հարկատուների շրջանում. OCCRP

10:59 • 02.02.16

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բացահայտման հետաքննական կենտրոնից  (OCCRP) Թոմ Քինգը և Մարինա Բաուդերը նամակ են գրել The Financial Times թերթում՝ «Ադրբեջանի ֆեոդալ էլիտան օգնություն է փնտրում արևմտյան հարկատուների շրջանում» վերնագրով։

 

Նրանք հիշեցնում են The Financial Times-ի լրագրողների հրապարակած նյութն այն մասին, որ Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը պատրաստվում են աջակցություն տրամադրել Ադրբեջանի տնտեսությանը, որը ցնցումներ է գրանցում նավթի նվազող գների պատճառով։ ԱՄՀ-ի թիմն այժմ «փաստեր հայտնաբերելու» առաքելություն է իրականացնում՝ Ադրբեջանի կառավարության խնդրանքով։

 

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բացահայտման հետաքննական կենտրոնում հետաքրքրված են, թե ինչ նոր «փաստեր» կարող են հայտնաբերվել։ Տարիներ շարունակ կենտրոնի և այլ վայրերից հետաքննող լրագրողները հետևել են, թե ինչպես է Ադրբեջանի առաջին ընտանիքը և իրենց օգնականներն իշխում բիզնես վարելու ոչ թափանցիկ մեթոդներով և բռնակալ իշխանության չարաշահումներով։

 

Հեղինակները հիշեցնում են WikiLeaks-ում հայտնված Stratfor հետախուզական ընկերության հաղորդագրություններից մեկը, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանը ղեկավարվում է միջնադարյան ֆեոդալական համակարգի նման։

 

Նավթի ցածր գները սպառնալիք են այս «հարմարավետությանը» և հասարակության կողմից բողոքի ալիք են առաջացրել։ Հեղինակները հիշեցնում են ճնշված հասարակության դեմ իշխանությունների թշնամությունը, ինչպես նաև յոթ տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Խադիջա Իսմայիլովայի և 100 այլ բանտարկված լրագրողների և ակտիվիստների մասին։

 

Արևմտյան հարկատուները պետք է ցնցված լինեն, որ նրանց խնդրում են կարգավորել միջնադարյան էլիտայի խնդիրները:

 

Երկրին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը հայտնվելու է համակարգային կոռուպցիայի ցանցի մեջ։ ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը չպետք է գումարների հոսք ապահովեն՝ այս անգամ արևմտյան հարկատուներինց, դեպի հարուստ ավտոկրատիայի դրամարկղը:

 

Նամակի հեղինակների կարծիքով՝ միակ մարդը, ով ուշացումով կարող է ապահովել Ադրբեջանի քաղաքացիների տնտեսական անվտանգությունը, դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։

Ադրբեջանի ֆեոդալ էլիտան օգնություն է փնտրում արևմտյան հարկատուների շրջանում. OCCRP