Թաիլանդում գազազած փիղը սպանել է շոտլանդացի զբոսաշրջիկին

11:10 • 02.02.16

Թաիլանդական Սամույ կղզում գազազած փիղը սպանել է շոտլանդացի մի զբոսաշրջիկի ու լուրջ վնասվածքներ հասցրել ուղեկցորդին:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ողբերգական միջադեպը տեղի է ունեցել, երբ 36-ամյա շոտլանդացին իր 16-ամյա դստեր հետ փղի վրա նստած անցել է անտառով: Ծագումով բիրմացի ուղեկցորդն իջել է փղի վրայից, որպեսզի լուսանկարի հորն ու աղջկան, սակայն այդ պահին կենդանին իր հսկայական ժանիքով հարվածել է տղամարդուն:

 

Այնուհետև փիղը զբոսաշրջիկներին վայր է գցել իր մեջքից, ոտքերով ճզմել շոտլանդացուն ու ժանիքով հարվածել կրծքավանդակին: Այս ամենի հետևանքով տղամարդը տեղում մահացել է, իսկ ինչ վերաբերում է նրա դեռահաս դստերը, ապա նա թեթև վնասվածքներ է ստացել: Դրանից հետո գազազած կենդանին փախել է անտառ:

 

Ականատեսների խոսքերով՝ ճակատագրական զբոսանքից առաջ կենդանին շատ նյարդային է եղել ու չի հնազանդվել ուղեկցորդի հրահանգներին: Նրանց խոսքերով՝ տղամարդը մի քանի անգամ մտրակով ու փայտով հարվածել է կենդանուն, մինչև որ նա սկսել է հնազանդվել։

 

Թաիլանդում գազազած փիղը սպանել է շոտլանդացի զբոսաշրջիկին