Բացահայտվել է Արաբկիրի զինկոմիսարիատի հերթապահի վրա իրականացված ավազակային հարձակումը. ՔԿ

18:37 • 02.02.16

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Արաբկիրի զինկոմիսարիատի հերթապահ, փոխգնդապետ Մ.Միրզոյանի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը, պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

 

Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Արաբկիրի զինկոմիսարիատի մասնաշենքի երկրորդ հարկի պատուհանից ապօրինի մուտք է գործել զինկոմիսարիատ, մտել հերթապահության սենյակ և ավազակությամբ ուրիշի գույքը  հափշտակելու նպատակով, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ  հարձակում է գործել հերթապահ, փոխգնդապետ Մ.Միրզոյանի վրա՝ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջելով մետաղյա չհրկիզվող պահարանում գտնվող գումարը:

 

Ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու արդյունքում փոխգնդապետին հաջողվել է ուղիղ կապով տեղեկացնել կատարված ավազակային հարձակման մասին, որի արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած անձը, դադարեցնելով գործողությունները, դիմել է փախուստի:

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում 12.10.2015թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:

 

Քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ քննչական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով N զորամասի զինծառայող է։ Վերջինս 2016 թ. հունվարի 27-ին ներկայացվել է ճանաչման գործով տուժողին։

 

Քննությամբ հիմնավորվել է, որ նշված զինծառայողը նշված առերևույթ հանցանքը կատարել է իր ընկերոջ հետ, ով պահեստազորի կապիտան է։


Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Դ.Պետրոսյանին և Ա.Աղասարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով։

 

Քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը  բավարարվել է:

 

Նախաքննությունը շարունակվում է:



 

Բացահայտվել է Արաբկիրի զինկոմիսարիատի հերթապահի վրա իրականացված ավազակային հարձակումը. ՔԿ