Իրաքում սպանվել է ԻՊ-ի 24-ամյա մուֆտին
Իրաքում ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մուֆտի Աբու Դուջանա ալ-Մասրին, հաղորդում է Sky News Arabia-ն։
Գրոհայինը մահացել է Անբար շրջանի Ռամադի քաղաքի մոտակայքում: Նա 24 տարեկան էր: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ ալ-Մասրին մտնում էր ԻՊ-ի ղեկավարության կազմի մեջ և համարվում էր ահաբեկչական խմբավորման հոգևոր առաջնորդներից մեկը: Նրա հետ միասին ոչնչացվել է դաշտային հրամանատարներից մեկը՝ Ամար Համիդ ալ-Ասաուին:
Հայտնի է, որ ալ-Մասրիի իրական անունը Մահմուդ Գանդուր է: 2013 թվականին նա ավարտել է Կահիրեի Այն Շամս համալսարանը, որտեղ խաղացել է թատրոնում, զբաղվել սպորտով և անգամ աշխատել երիտասարդական համալսարանական ռադիոյում: Սակայն այնուհետև երիտասարդն ընկել է իսլամիստների ազդեցության տակ և գիտնականի ուղին փոխել ջիհադականի «կարիերայով»՝ անդամագրվելով ԻՊ-ին։










