Մոսկվան Լոնդոնի հայտարարությունները «վտանգավոր ապատեղեկատվության տարածում» է կոչել
Մոսկվան «վտանգավոր ապատեղեկատվության տարածում» է համարում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ն ու Իրանը խանգարում են Սիրիայում հակամարտության կարգավորմանը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նման հայտարարությունները որակել է որպես «վտանգավոր ապատեղեկատվության տարածում»։
Բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Համոնդը նշել էր, որ ռուսական գործողությունները Սիրիայում ուժեղացնում են «Իսլամական պետության» դիրքերը։
«Ռուսներն ասում են, թե ցանկանում են ոչնչացնել ԻՊ-ին, սակայն նրանք ոչ թե ԻՊ-ին են ռմբակոծում, այլ չափավոր ընդդիմությանը»,-ասել էր նախարարը։
Բացի այդ, ԱԳ նախարարի կարծիքով, Ռուսաստանի գործողությունները Սիրիայում խորացնում են փախստականների խնդիրը։
«Ռուսական ավիահարվածների մեկնարկից ի վեր մարդկանց հոսքը, որոնք փախստականային ճամբարներից Սիրիա էին վերադառնում, դադարել է։ Հատկապես Սիրիայի հարավային մասերում Ռուսաստանի գործողությունների հետևանքով փախստականների հոսքի աճ է նկատվում»,-ասել է Համոնդը։










