Բրազիլիայի իշխանությունները հղիներին կոչ են անում չմասնակցել 2016 թվականի օլիմպիական խաղերին
Բրազիլիայի իշխանությունները հղիներին խորհուրդ են տվել զերծ մնալ 2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերին մասնակցելուց՝ Զիկա վարակի պատճառով։
Նման կոչով է հանդես եկել երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Ժակ Վագները։
«Հղիների համար լուրջ վտանգ կա»,-ասել է Վագները։ Նրա խոսքով՝ մյուսների համար Զիկա վիրուսով վարակվելու հավանականությունը քիչ է։ Աշխատակազմի ղեկավարը նշել է, որ հիվանդության տարածման պատճառով Խաղերը չեղարկելու մասին խոսք չկա։
Փետրվարի մեկին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստովանել էր, որ արագ տարածվող Զիկա վիրուսը համաշխարհային մասշտաբի սպառնալիք է, ու հայտարարել էր արտակարգ դրություն։
Հունվարի 31-ին հաղորդվել էր, որ Կոլումբիայում Զիկա վիրուսով վարակվելու ավելի քան 20.2 հազար դեպք է գրանցվել։ Վարակվածների թվում 2.100 հղի կա։ Հունվարի 27-ին հիվանդության առաջին դեպքերն են հայտնաբերվել ԱՄՆ-ում։
Զիկա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել էր 1947 թվականին Ուգանդայում։ Մինչ վերջերս այն մարդու համար վտանգավոր չէր համարվում։
ԱՀԿ-ի կանխատեսումներով՝ Զիկա վիրուսով կարող է վարակվել 3-4 մլն մարդ՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների տարածքում։










