UNICEF-ին անհրաժեշտ է 9 միլիոն դոլար Ամերիկա մայրցամաքում «Զիկա» վիրուսի դեմ պայքարելու համար
Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամին (UNICEF) անհրաժեշտ է 9 միլիոն դոլար Ամերիկա մայրցամաքում «Զիկա» վիրուսի դեմ պայքարելու և գոնե ինչ-որ չափով տարածումը կասեցնելու համար:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, այս մասին հայտարարել է հիմնադրամի գլխավոր խորհրդական Հիթեր Պապովիցը։
Գլխավոր խորհրդականի խոսքով, չնայած որ չկա վերջնական հաստատված կապ «Զիկա» վիրուսի և նորածինների մոտ հայտնաբերված ախտանիշների միջև, այնուամենայնիվ կա մտավախություն, որը կոնկրետ գործողություններ է պահանջում:
Հիշեցնենք, որ «Զիկա» վիրուսը հայտնաբերվել է 1947 թվականին: Այն վերջին շրջանում լայն տարածում է ստացել հատկապես Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում։ Այս տենդի հարուցիչը ֆլավի վիրուսն է, փոխանցողը՝ «Aedes aegypti» ցեղի մոծակները:
«Զիկա» տենդի ախտանշաններն են՝ տենդ, ցան, հոդացավեր, շաղկապենու բորբոքում, մկանացավեր, գլխացավ: Գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է, որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ:










