Գերմանիան 500 մլն եվրո կտրամադրի սիրիացի փախստականների համար
Սիրիայում և նրա հարևան երկրներում ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում Գերմանիայի կառավարությունը մտադիր է ՄԱԿ-ի` փախստականների հարցերով վարչությանը լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնել։ Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է հայտնել ֆինանսական դոնորների համաժողովի ժամանակ, որը կանցկացվի Լոնդոնում, գրում է Корреспондент-ը:
Մի շարք երկրների հրավերով, այդ թվում` Գերմանիայի, Լոնդոնում կհավաքվեն ավելի քան 70 պետությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը կքննարկվեն դրամական միջոցների մոբիլիզացման ուղիները` Սիրիայում քաղաքացիական պատերազմի «զոհերի» ճակատագիրը հեշտացնելու համար։ ՄԱԿ-ի գնահատականով` միջազգային հանրությունն այդ նպատակների համար պետք է հավաքի ավելի քան 7 մլրդ եվրո:
Բունդեսթագի արտաքին քաղաքական հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռյոթգենը կոչ է արել այլ երկրներին անհապաղ օգնություն ցուցաբերել Սիրիային:
«Մարդիկ սոված են: Մարդիկ մահանում են: Նրանց այժմ օգնություն է անհրաժեշտ, հակառակ դեպքում՝ մահը փողերից շուտ կգա»,- նշել է պաշտոնյան:










