Հռոմի պապը Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում է հայտնվել
Հռոմի պապը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից բռնաբարության զոհերի իրավունքների համար պայքարող Նադիա Մուրադը և Աֆղանստանի կանանց հեծանվային թիմը 2016 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուներից են։
Թեկնածությունների գրանցումն ավարտվել է երկուշաբթի օրը, գրում է The Times-ը:
Նորվեգիայի՝ հինգ հոգուց բաղկացած նոբելյան հանձնաժողովը սովորաբար հեղինակավոր մրցանակի համար ավելի քան 200 թեկնածություն է ստանում և դրանք գաղտնի է պահում արդեն 50 տարի։
Նորվեգացի օրենսդիր Աուդուն Լիսբակենն առաջադրել է եզդի Նադիա Մուրադի թեկնածությունը, ով կարողացել է փախչել ԻՊ-ի սեռական ստրկությունից և սկսել բարձրաձայնել ԻՊ-ի գրոհայինների կողմից բռնությունների մասին։
The Times-ը գրում է, որ Խաղաղության նոբելյան մրցանակակիր Դեսմոնդ Տուտուն իր աջակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին:
Աֆղան կանանց հեծանվային թիմի թեկնածությունն առաջադրել են 118 իտալացի օրենսդիրներ՝ «ողջ մարդկության համար տրանսպորտի ամենաժողովրդավարական միջոցը» տարածելու համար։










