ՌԴ-ում ավելի քան 100 գործ է հարուցվել՝ դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթներ վաճառելու դեպքերի առնչությամբ
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը տուրօպերատորների նկատմամբ 140 արձանագրություն է կազմել՝ Ռուսաստանի քաղաքացիների՝ Թուրքիա այցելելու փաթեթներ վաճառելու արգելքը խախտելու համար, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Ընդհանուր առմամբ՝ ՌԴ-ում 2015 թվականի դեկտեմբերից 2016 թվականի հունվարի 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 1307 չպլանավորված ստուգում, 101 դեպքում վարչական վարույթներ են հարուցվել։
«Ռոսպոտրեբնադզորի» մայրաքաղաքային վարչությունը հայտնաբերել է կայքեր, որոնք զբոսաշրջային ծառայություններ են առաջարկել Թուրքիա այցելել ցանկացողներին։ Այդ կառույցների նկատմամբ դատական հայցեր են նախապատրաստվում։
2015 թվականի նոյեմբերի 28-ին Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման պատճառով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով՝ հունվարի 1-ից արգելվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև չարտերային չվերթները։










