Եկատերինբուրգում գողացել են գործազուրկ տղամարդու ճամպրուկը, որում եղել է 20 մլն ռուբլի
Եկատերինբուրգի օդանավակայանի տարածքում ավազակային հարձակում է տեղի ունեցել մի տղամարդու վրա, ով խոշոր գումար է տեղափոխել։ Հանցագործները տարել են նրա ճամպրուկը, որում եղել է 20 մլն ռուբլի, գրում է РИА Новости-ն:
«Եկատերինբուրգ քաղաքում` «Կոլցովո» օդանավակայանի հարակից հրապարակում, անհայտ անձը մոտեցել է պաշտոնապես ոչ մի տեղ չաշխատող տղամարդուն և, սպառնալով ատրճանակով, խլել 20 մլն ռուբլի գումար պարունակող ճամպրուկը: Այնուհետև նստել է մեքենան և թաքնվել»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հարձակման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, հետախուզում է հայտարարվել «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան, որից օգտվել է հարձակվողը: Նկարագրվել է նաև կասկածյալի արտաքինը:
Ըստ լրատվամիջոցների` դրամական միջոցները պատկանել են կողոպտված տղամարդու հարազատներից մեկին` անհատ ձեռներեցի:










