Այն քաղաքականությունը, որ իրականացնում էինք պատերազմը կանխելու համար, հանգեցրեց հենց պատերազմի. Արա Պապյան

13:54 • 18.04.16

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար  Արա Պապյանն, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական գործողություններին, ասաց, որ հայկական կողմն այստեղից լուրջ դասեր ունի քաղելու: Նա նշեց, որ թեև հայ զինվորի ոգին կարևոր գործոն է, սակայն կարևոր համարեց նաև զինատեսակների ժամանակակից լինելը: «Մեր թշնամին սովորական թշնամի չէ, և նա դրել է  երկրորդ ցեղասպանություն իրականացնելու խնդիր»,-ասաց նա և նշեց, որ դա նկատելի էր քաղաքացիական բնակչության նկատմամբ իրենց գործողություններով, զինվորների դիակների խոշտանգումներով:
 

«Իմ գնահատմամբ՝ սա ո՛չ հաղթանակ, ո՛չ պարտություն էր, այլ ահազանգ էր մեզ համար՝ հետևություններ անելու: Ես պատերազմական գործողության քաղաքականությունը կգնահատեի արտաքին քաղաքականության ձախողում»,-ասաց նա և նշեց, որ մենք պատերազմում մի ելք ունենք՝ թշնամուն ջախջախել և վերջնական հաղթանակի գալ:


Ինչ վերաբերում է մասնավորապես ԵՏՄ անդամակցությանը, ապա նա ասաց.«Այն քաղաքականությունը, որն իրականացնում էինք կանխելու համար պատերազմը, հանգեցրեց հենց պատերազմի»: Նա նշեց, որ Ադրբեջանին հիմնական զսպիչ գործոններից մեկը Արևմուտքն էր, ինչի հետ, ըստ նրա,Հայաստանը խորապես փչացրել է հարաբերությունները:


«Մեր զինվորն իր արյունով հատուցեց քաղաքական այրերի սխալների համար: Այսօր մենք պետք է քաղաքական միջոցներով կանխենք պատերազմը»,-ասաց նա  և անհրաժեշտ համարեց Հայաստանի քաղաքական գծում արմատական փոփոխություններ իրականացնել, որովհետև չկա մի պետություն, որ շահագրգռված լինի մեր երկրի կողքին կանգնելու համար: Ըստ նրա մի սմերչ էլ չարժի Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունները:


«Տեղի ունեցած քառօրյա պատերազմում շատ մեսիջներ եղան մեզ համար, Ալիևը հասկացավ, որ այն երկիրը, որ դաշնակից է Հայաստանին համարվում, հավասար է վերաբերում մեզ  և իրենց, և ավելին՝ նույնիսկ իր գործողություններում եղավ շատ դեպքերում պրոադրբեջանական»,-ասաց նա և նկատեց, որ կրակի դադարեցումը տեղի ունեցավ ՀՀ գլխավոր շտաբի պետի համաձայնությամբ և ոչ թե ԼՂ իշխանության մասնակցությամբ:


Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչման անհրաժեշտությանը, Արա Պապյանն ասաց, որ դեմ է դրան, քանի որ կարծում է, որ այն ՀՀ-ի մաս է՝ թե՛ դե ֆակտո, և թե՛ դե յուրե:


Նա նշեց, որ ժողովրդի պետության շուրջ համախմբումը, իշխանությունը ներկայացրեց որպես իշխանության շուրջ համախմբում և ավելացրեց, որ  պետք չէ փշրել ժողովրդի վերջին հույսերը և կարողությունները: Նա կոչ արեց առնել շատ զենք և պատրաստվել պատերազմի, որովհետև ոչ մի գերտերություն մեզ հետ չի լինելու: Նա վստահություն հայտնեց, որ եթե պատերազմ լինի, ապա հաստատ հայերը կհաղթեն, ինչը ցույց տվեց նաև այս քառօրյա պատերազմը, սակայն նշեց, որ իր մտահոգությունը դրա համար տված գինն է լինելու:
 

Այն քաղաքականությունը, որ իրականացնում էինք պատերազմը կանխելու համար, հանգեցրեց հենց պատերազմի. Արա Պապյան