Analitik.am-ի քրգործով ձերբակալված Վանոյի Արտակը տնօրինել էլ նաև «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերը
«analitik.am» լրատվական կայքի աշխատակիցների կողմից ԱԺ պատգամավորից գումար շորթելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է Վանոյի Արտակ մականունով հայտնի Արտակ Գալստյանը՝ 2015թ. աշնանը «analitik.am» կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում և կազմակերպում է ինչպես «analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը:
Հիշյալ հանգամանքները հիմք են տալիս կարծելու, որ վերը նշված առանձնապես խոշոր չափի շորթումը վերոհիշյալ լրատվական կայքերի աշխատակիցների և Արտակ Գալստյանի ապօրինի գործունեության միակ դեպքը չէ:
Ուստի, հորդորում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Արտակ Գալստյանի և վերջինիս տնօրինման տակ գտնվող կայքերի աշխատակիցների ապօրինի գործունեությունից, դիմեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա, հեռ.՝ (011) 900-035, (011) 900-052):
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:










