Այո, դա ցեղասպանություն է. The New York Times-ի խմբագրականը
Թուրքիան հերթական անգամ ջղաձգության մեջ է ընկել, ինչը դարձել է գրեթե ամենամյա վարժանք՝ իր մութ անցյալի մասին ճշմարտությունը լսելու պատճառով: Այս անգամ երկիրը հետ է կանչել Բեռլինում իր դեսպանին և սպառնացել է, որ հինգշաթի օրը Գերմանիայի խորհրդարանի կողմից ճնշող մեծամասնությամբ ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ծանր հետևանքներ կունենա, գրում է The New York Times-ն իր խմբագրականում:
Դա այն է, ինչ Թուրքիան անում է ամեն անգամ, երբ որևէ օտար երկիր համարձակվում է չհամաձայնել իր վարկաբեկված պնդումների հետ, թե հայերը զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի դաժան հանգամանքների պատճառով և ոչ ժողովրդի վերացնելու կանխամտածված փորձի հետևանքով:
«Ո՛չ, դա ցեղասպանություն էր, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Պատմաբանները հիմնավոր կասկածից դուրս հաստատել են, որ 1,5 միլիոն հայ միտումնավոր սպանվել է կամ ուղարկվել մահվան երթի 1915-1916 թվականներին փլուզվող Օսմանյան կայսրության կողմից՝ վախենալով, որ նրանք և այլ քրիստոնյա փոքրամասնություններ կարող են պատերազմում կանգնել Ռուսաստանի կողքին»,- գրում է թերթը:
Ողջ աշխարհում սփռված միլիոնավոր հայերի համար ճանաչման հասնելը, որ կոտորածները ցեղասպանություն էին՝ կանխամտածված ոճրագործություն և ոչ կողմնակի վնաս, երկար և կրքոտ ազգային առաքելություն է եղել, որի արդյունքը եղել է ավելի քան 20 երկրների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը:
Հայերը լիովին արդարացված են պատմական պատասխանատվության իրենց ձգտման մեջ: Բայց որքան շատ է աշխարհը ճանաչում այն, այնքան ավելի ագրեսիվ է դառնում Թուրքիան: Մի քանի տարի առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ հարաբերականորեն լայն հայացքների տեր վարչապետ էր, նա պատրաստ էր թվում Հայկական հարցի վերաբերյալ ավելի հաշտվողական դիրքորոշում ստանձնելուն: Դա տեղի չունեցավ, և ավելի ու ավելի ավտոկրատ դարձող Էրդողանը նախազգուշացրեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ Գերմանիայի հետ «դիվանագիտական, տնտեսական, առևտրային, քաղաքական և ռազմական» հարաբերությունները կվնասվեն բանաձևի ընդունման դեպքում։
Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է Միջին Արևելքի ցնցումներում, և հատկապես կարևոր է Գերմանիայի և Եվրամիության համար, որոնք փորձում են կանգնեցնել սիրիացի փախստականների հոսքը:
Մերկելը ներկա չի եղել քվեարկությանը, չնայած նա դեմ չի եղել դրան:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով 2008 թվականին նախագահի թեկնածու լինելու ժամանակ խոստացել է 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչել, այդպես էլ չիրագործեց այն:
Հայերի և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ Թուրքիայի հարաբերություններին հասցված վնասի պատասխանատվությունը թուրքերի մեծամասնությանն է, որը հրաժարվում է ճանաչել իր պատմության մութ կետը, և ոչ նրանցը, ովքեր ձգտում են հիշատակել ողբերգությունը:
«Գերմանացիները, ովքեր հիանալի կերպով առերեսվել են իրենց իսկ պատմության սարսափելի ցեղասպանությանը, ճիշտ քայլ արեցին՝ չենթարկվելով Էրդողանի սպառնալիքներին»,- գրում է թերթը։










