Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զգոն լինել Թուրքիայում՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո
Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զգոնություն դրսևորել Թուրքիայի խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, հաղորդում է РИА Новости-ն:
«Ընդհանուր առմամբ, Ստամբուլ, Անկարա և Թուրքիայի այլ խոշոր քաղաքներ ճանապարհորդողներին խորհուրդ է տրվում զգոնություն դրսևորել: Դա վերաբերում է հատկապես հասարակական, ինչպես նաև զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնող և մարդկանց հավաքման վայրերին»,- ասված է գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ստամբուլի կենտրոնական Վեզնեջիլեր թաղամասում այսօր առավոտյան տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել, 36 հոգի՝ վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել գլխավոր զբոսաշրջային թաղամասի, խոշոր համալսարանի և քաղաքապետարանի մոտակայքում:










