Ընդդիմադիր ԲՀԿ-ի մեծ մասը կողմ է քվեարկել պետբյուջե 2015-ի կատարողականին. «ստվերային համաձայնությո՞ւն», թե՞ ապագա կոալիցիա

16:51 • 13.06.16

 

Խորհրդարանն այսօր 88 կողմ, 15` դեմ և 14` ձեռնպահ ձայներով ընդունեց 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը: ՀՀԿ-ի հետ համագործակցող ՀՅԴ-ն ձեռնպահ քվեարկեց բյուջեի կատարողականին, իսկ նույն այդ կատարողականը քննադատող ելույթներով հանդես եկած ԲՀԿ-ն մեծամասամբ կողմ քվեարկեց բյուջեի կատարողականին:

Սա չնայած այն հանգամանքին, որ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու: Փաստորեն ԲՀԿ խմբակցության որոշմանը հետևել է միայն 9 ԲՀԿ-ական: Մյուս ԲՀԿ-ականները կողմ եմ քվերակել բյուջեին։ ԲՀԿ-ից բյուջեի կատարողականին կողմ են քվեարկել Դավիթ Քոչարյանը, Մելիք Մանուկյանը, Մուրադ Գուլոյանը, Մուշեղ Պետոյանը, Աբրահամ Մանուկյանը, Ռուբեն Գևորգյանը, Ռուստամ Գասպարյանը, Արշակ Մխիթարյանը, Արայիկ Աղաբաբյանը և ուրիշներ: 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հրաժարվեց պատասխանել Tert.am-ի հարցին, թե ինչպե՞ս կարելի է հասկանալ ընդդիմադիր ԲՀԿ-ի նման քվեարկությունը և արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ականները չեն հետևել խմբակցության որոշմանը:

Նշենք, որ պետական բյուջե 2015-ի քննարկումների ժամանակ որոշ ԲՀԿ-ականներ բավական քննադատական ելույթներ էին ունենում: Օրինակ՝ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հայտարարում էր, որ կառավարության նախատեսած 4.1 տնտեսական աճը կատարվել է ընդամենը 3 տոկոսով, բայց միևնույն է, կառավարությունը բյուջեն լրիվ ծախսել է, և չկան այն հարցերի պատասխանները, թե այս ամենի հետևանքով մեր երկրում ի՞նչ է կատարվել. կրճատվե՞լ է աղքատության մակարդակը, թե` ոչ, գործազրկության մակարդակը նվազե՞լ է, աշխատավարձերը բարձրացե՞լ են:

«Հակառակն՝ ամեն բան վատացել է, քանի որ բյուջեն մենք կատարել ենք, բայց մեկ է` բոլոր ցուցանիշները վատացել են»,-ասել էր ԲՀԿ ներկայացուցիչը:

Այսօր բյուջեի կատարողականին կողմ քվեարկած ԲՀԿ-ական Արշակ Մխիթարյանին Tert.am-ը հարց ուղղեց, թե ինչպե՞ս հասկանալ իրենց քվեարկությունը, երբ կատարողականը քննադատելուց հետո ԲՀԿ-ականները կողմ են քվեարկում: «Ես ճիշտն ասած, չեմ մասնակցել, չեմ լսել քննադատությունը, դրա համար կողմ եմ քվեարկել»,-ասաց Մխիթարյանը: Մեր հաջորդ հարցին, թե հնարավո՞ր է սա նախապատրաստություն է ՀՀԿ-ի հետ հետագա կոալիցիային, ԲՀԿ-ականը պատասխանեց. «Նման հարց չի քննարկվել»:

Արշակ Մխիթարյանից հետաքրքրվեցինք, թե ինքը կոնկրետ ինչո՞ւ է կողմ քվեարկել, երբ այդքան քննադատվեց կատարողականը: «Ես առաջընթաց եմ տեսնում բյուջեի կատարողականի հետ կապված. թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, թե՛մենաշնորհային հարցերում, բոլոր-բոլոր հարցերում: Ամեն դեպքում կառավարությունը քայլեր է ձեռնարկում և որոշակի արդյունքներ ունենք»: 

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն ձեռնպահ է, իսկ իրենք՝ ընդդիմադիր ԲՀԿ-ականները մեծամասամբ կողմ են քվեարկել, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Քաղաքական ենթատեքստեր եք տալիս, կուսակցությունում կան խմբակցության անդամներ, որոնք ազատ դիրքորոշում ունեն, անկախ նրանից, որ կուսակցությունը կարող է որոշում կայացնի՝ ձեռնպահ քվեարկել, մարդիկ կան, ունեն իրենց կարծիքը, իրենց հայացքները բյուջեի կատարողականի հետ կապված և ազատ քվեարկություն ա եղել»:  

ՀՀԿ խոսնակն Էդուարդ Շարմազանովից Tert.am-ի հետարքրքվեց, թե հնարավոր է բյուջեի կատարողականի քվեարկությունն ընդդիմադիր ԲՀԿ-ի հետ ստվերային համաձայնության արդյունք է: «ՀՀԿ-ն ստվերային գործընկերներ չունի: ՀՀԿ-ն գործում է ոչ թե ստվերում, այլ շատ բաց ու հրապարակային է աշխատում: Մենք այս պահին համագործակցում ենք միայն ՀՅԴ-ի հետ: Եթե ընդդիմադիր ամենամեծ ուժը կողմ է քվեարկում բյուջեի կատարողականին, նշանակում է՝ գոնե ԱԺ-ի ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը կարծում է, որ կառավարությունը ճիշտ է աշխատել»,-հայտարարեց ՀՀԿ խոսնակը:

Այն հարցին, թե այս դեպքում կարելի՞ է ԲՀԿ-ին ընդդիմադիր համարել, ՀՀԿ խոսնակն ասաց. «Համարենք, թե չհամարենք, ԲՀԿ-ն իշխանություն չի և հայտարարել է ընդդիմություն լինելու մասին: Մենք որևէ մեկի հետ ստվերային համաձայնության խնդիր չունենք: Իսկ ինչ վերաբերում է համագործակցությանը, ՀՀԿ-ն համագործակցել և համագործակցում է շատ այլ քաղաքական ուժերի հետ՝ այդ թվում ԲՀԿ և այլ կուսակցություններ: Համագործակցություն պարտադիր չի, որ լինի կոալիցիայի շրջանակներում»:

 

 

Ընդդիմադիր ԲՀԿ-ի մեծ մասը կողմ է քվեարկել պետբյուջե 2015-ի կատարողականին. «ստվերային համաձայնությո՞ւն», թե՞ ապագա կոալիցիա