Մեր ունեցած տվյալներով` ՀՕՊ համաձայնագիրն անհասկանալի պատճառներով հանվել է օրակարգից. Վարուժան Ավետիսյան (լուսանկարներ, տեսանյութ)

11:35 • 13.06.16

12։04

Շնորհակալություն հայտնելով ակցիայի ներկաներին` ՀՕՊ համաձայնագրի դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար, « Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ իրենց հասած տեղեկություններով`հակաօդային պաշտպանության համաձայնագիրն անհասկանալի պատճառներով հանվել է ԱԺ օրակարգից:

«Ե՞րբ է այդ հարցը մտցնելու օրակարգ, հայտնի չէ: Մենք ուզում ենք ասել, որ մենք հետևելու ենք այս հարցի հետագա ընթացքին»,-ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Նշենք, որ ՀՀ քաղաքացիները եկել են ոչ միայն Հայաստանի եռագույններով, այլև Եվրամիության դրոշներով:

_____________________________________________________________________________________ 

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները  վաղ առավոտից Ազգային ժողովի մուտքի մոտ են՝ պահանջելով   կանխել Ազգային ժողովի կողմից  «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է  հրավիրում այդ օրակարգով:

Քաղաքացիները, որոնց միացել են  մի շարք քաղաքական գործիչներ` Պարույր Հայրիկյանը,  Անդրիաս Ղուկասյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը և այլք, եկել են հետևյալ բովանդակությամբ պաստառներով. «ՀՕՊ-ի  հանձնումը հավասար  է Ստեփանակերտի  ռմբակոծմանը», «Դավաճանության հերթական քայլը» , «Չենք հանձնի ո՛չ օդը, ո՛չ հողը»:

Վարուժան Ավետիսյանը Tert.am -ի հետ զրույցում հայտնեց, որ  Հայաստանը  չի  կարողանալու  այս համաձայնագրի շրջանակներում իր լիազորություններն  իրականացնել,  քանի որ վերջնական  խոսքը ՌԴ-ինն  է լինելու:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ  հայտարարեց, որ  այս համակարգին միանալով ` դեմք ենք   դուրս գալիս ՆԱՏՕ-ին, որն  այս պահի  դրությամբ բավական  մեծ օգնություն է ցույց  տալիս ՀՀ-ին:


 

Մեր ունեցած տվյալներով` ՀՕՊ համաձայնագիրն անհասկանալի պատճառներով հանվել է օրակարգից. Վարուժան Ավետիսյան (լուսանկարներ, տեսանյութ)