Անկարան ուսումնասիրում է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման պատասխան գործողությունները. թուրք պաշտոնյա
Անկարան ուսումնասիրում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանն ի պատասխան հնարավոր գործողությունները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլին, հայտնում է Reuters գործակալությունը։
«Մենք չենք կարող անտարբեր մնալ դրան: Տարվում է աշխատանք այդ որոշումը չեղյալ հայտարարելու հնարավորության ուղղությամբ, ուսումնասիրվում է, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել»,- հայտարարել է փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որին աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, դեմ է արտահայտվել միայն մեկը, ևս մեկն էլ ձեռնպահ է մնացել:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավորները, ովքեր քվեարկել են Հայոց ցեղասպանության մասին բանաձևի օգտին, պետք է արյան թեստ հանձնեն, քանի որ նրանց ծագումը կասկած է առաջացնում:
«Մասամբ ատելությամբ լցված սպառնալիքներ… հնչեցվել են, ցավոք, այդ թվում նաև թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում: Այն, ինչ 21-րդ դարում ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը գերմանական Բունդեսթագի ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորների հասցեին իր քննադատությունը կապում է նրանց թուրքական ծագման հարցում կասկածների հետ, նրանց արյունը «փչացած» է անվանում, ես անհնարին էի համարում»,- ասել էր Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը։










