Փաստաբանը հայտնում է, որ «Վանոյի Արտակ»-ը հացադուլ է հայտարարել, իսկ ՔԿՀ-ն նման լուր չի ստացել

20:01 • 13.06.16

«Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը հացադուլ է հայտարարել՝ իրեն Նուբարաշեն ՔԿՀ ընդհանուր մասնաշենք տեղափոխելու պատճառով: 

«Իր նկատմամբ հատուկ քննչական ծառայությունը փորձում է անձնական հաշվեհարդար տեսնել, և այդ պատրվակով է տեղափոխվում Նուբարաշեն ՔԿՀ ընդհանուր մասնաշենք, որտեղ քրեական հանցագործներն են գտնվում: Ի սկզբանե Քրեակատարողական ծառայությունն իր հայտարարության մեջ տարածել էր, որ ձերբակալվել է «Վանոյի Արտակ» մականունով Արտակ Գալստյանը, այսինքն՝ ՔԿԾ ինքն է թիրախավորել նրան, և այսօր էլ հատուկ ծառայության գրությամբ է տեղափոխվում կլոր խուց, ինչի համար էլ Արտակ Գալստյանը հացադուլ է հայտարարել»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցների կողմից ԱԺ պատգամավորից գումար շորթելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է «Վանոյի Արտակ» մականունով հայտնի Արտակ Գալստյանը՝ 2015թ. աշնանը «analitik.am» կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։ Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում և կազմակերպում է ինչպես «analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք Արտակ Գալստյանի՝ հացադուլ հայտարարելու վերաբերյալ լուր չեն ստացել: Ինչ վերաբերում է խուցը տեղափոխելու հետ կապված բողոքին, նա ասաց, որ առայժմ նման բողոք չկա, իսկ լինելու դեպքում համապատասխան որոշում կկայացվի:

Այս առիթով Արտակ Գալստյանի փաստաբանն ասաց, որ ինքն է պաշտպանյալի հայտարարությունը մուտք արել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի գրասենյակ: «Չեմ կարծում ստացած չլինեն, պետք է արդեն ղեկավարությունը տեղյակ լինի»,-ասաց նա:

Փաստաբանն ասաց, որ հորինված մեղադրանքով անձին ձերբակալել են և հիմա էլ տեղափոխում են այնպիսի վայր, որ նրա համար դա ուղակի դատավճիռ է:

«Կա մի պարզ ճշմարտություն, որ Արտակ Գալստյանին կապում են ոստիկանության համակարգի հետ՝ նշելով, որ նախկին աշխատակից է և կապում են նաև Վանո Սիրադեղյանի հետ: Այդ իրենք են կապել անձին ոստիկանական համակարգի հետ, իսկ այսօր էլ գիտեք, որ ոստիկանության աշխատակիցներին ընդհանուր մասնաշենք չեն տեղափոխում, թեկուզ երբևէ աշխատած լինի այդ համակարգում»,-հավելեց նա:

 

 

 

 

 

 

Փաստաբանը հայտնում է, որ «Վանոյի Արտակ»-ը հացադուլ է հայտարարել, իսկ ՔԿՀ-ն նման լուր չի ստացել