«Էմփայր սթեյթ բիլդինգի» լուսավորությունն անջատվել է՝ ի հիշատակ Օռլանդոյում հարձակման զոհերի
Նյու Յորքում անջատել են «Էմփայր սթեյթ բիլդինգ» երկնաքերի լուսավորությունը՝ ի հիշատակ Օռլանդոյում միասեռականների ակումբում հրաձգության զոհերի: Այդ մասին հաղորդվում է շինության Twitter-ի էջում:
«Ի նշան Օռլանդոյում տեղի ունեցած հարձակման զոհերի հանդեպ հարգանքի՝ այսօր մենք կմնանք մթության մեջ»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում Pulse գեյ-ակումբում կրակոցների զոհ է դարձել 50 մարդ, ևս ավելի քան 50 հոգի վնասվածքներ են ստացել: Կասկածյալն ԱՄՆ 29-ամյա քաղաքացի Օմար Մատինն է, ով ծնվել է Աֆղանստանից ժամանած ներգաղթյալների ընտանիքում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 13-ին հանդիպում կանցկացնի երկրի գլխավոր հակաահաբեկչական գերատեսչությունների ղեկավարությունների հետ, որի ժամանակ կքննարկվի Օռլանդոյում ահաբեկչության հետաքննության թեման:










