Բունդեսթագի՝ թուրքական արմատներով պատգամավորներին կտեղեկացնեն Թուրքիա մուտք գործելու հետ կապված իրավիճակի մասին

15:13 • 13.06.16

Գերմանիայի ԱԳՆ-ն մոտ ժամանակներս ընտրովի և գրավոր կերպով կտեղեկացնի թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավորներին Թուրքիա մուտքի հետ կապված իրավիճակի մասին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, հայտնում է РИА Новости-ն:

 

«Մենք ելնում ենք առնվազն ԶԼՄ-ների հաղորդումներից, որ Թուրքիայում քրեական մեղադրանքներ են ներկայացվել Բունդեսթագի՝  թուրքական ծագմամբ պատգամավորների հասցեին: Երբ և ինչպես թուրք պաշտոնատար անձինք կբացեն այդ մեղադրանքների հիման վրա քրեական գործեր՝ մենք չգիտենք, չենք կարող իմանալ: Այդ պատճառով խելամիտ է, որ ԱԳՆ-ն մտածի այդ առիթով: Ես գիտեմ, որ մոտ ժամանակներս ներգրավված պատգամավորներն ԱԳՆ-ի կողմից գրավոր կերպով կտեղեկացվեն այդ մտորումների վիճակի մասին»,- ասել է Շեֆերը:

 

Ավելի վաղ Spiegel շաբաթաթերթը հայտնել է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն գաղտնի կերպով խորհուրդ է տվել թուրքական արմատներով պատգամավորներին մոտ ժամանակներս չայցելել Թուրքիա, քանի որ նրանց անվտանգությունը չի կարող երաշխավորվել: Այն բանից հետո, երբ Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, թուրքական ծագմամբ պատգամավորները սկսել են սպառնալիքներ ստանալ:

 

Սակայն ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Spiegel-ի ձևակերպումները որևէ խորհուրդների վերաբերյալ ճիշտ չեն: «Այն, ինչ գրել է Spiegel-ը՝ ինչպես առցանց, այնպես էլ տպագիր տարբերակում, ճիշտ չէ»,- ասել է Շեֆերը:

 

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որին աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, դեմ է արտահայտվել միայն մեկը, ևս մեկն էլ ձեռնպահ է մնացել:

Բունդեսթագի՝ թուրքական արմատներով պատգամավորներին կտեղեկացնեն Թուրքիա մուտք գործելու հետ կապված իրավիճակի մասին