Էյֆելյան աշտարակը կլուսավորեն ԼԳԲՏ համայնքի դրոշի գույներով՝ ի հիշատակ Օռլանդոյում հարձակման զոհերի
Էյֆելյան աշտարակը հունիսի 13-ի գիշերը կլուսավորվի ԼԳԲՏ (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսգենդերներ) համայնքի դրոշի գույներով՝ ի հիշատակ ամերիկյան Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում իրականացված հարձակման զոհերի:
Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Ան Իդալգոն:
«Փարիզն Օռլանդոյի հետ է: Այսօր Էյֆելյան աշտարակը կլուսավորվի ԼԳԲՏ գույներով՝ ի նշան բոլոր զոհերի հանդեպ հարգանքի»,- գրել է նա:
Նա նաև հայտնել է, որ Փարիզի քաղաքապետարանի շենքում, բացի ԼԳԲՏ շարժման դրոշից, կկախվի նաև Միացյալ Նահանգների դրոշը:
Փարիզի խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբում հրաձգության հետևանքով մահացել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են: Հանցագործն ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինն է, ով սպանվել է ոստիկանության կողմից գրոհի ընթացքում: Օռլանդոյում տեղի ունեցածը զոհերի թվով նման տեսակի ամենախոշոր միջադեպն է ԱՄՆ պատմության ընթացքում:











