ԻՊ-ն Օռլանդոյի հրաձիգին «Ամերիկայում խալիֆայության մարտիկներից մեկն» է անվանել

14:32 • 13.06.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ռադիոալիքն ամերիկյան Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբում զանգվածային սպանություն իրականացրած Օմար Մատինին «Ամերիկայում խալիֆայության մարտիկներից մեկն» է անվանել, հայտնում է Associated Press-ը:

 

ԻՊ-ի լրատվամիջոց հանդիսացող Al-Bayan ռադիոկայանը ողջունել է հարձակումը՝ նշելով, որ դրա թիրախում եղել են քրիստոնյաները և միասեռականները և որ դա ԱՄՆ-ում ամենավատ հարձակումն է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից ի վեր:

 

Հարձակման ժամանակ (կամ դրանից քիչ առաջ) Օմար Մատինը զանգահարել է 911 ծառայություն և ԻՊ-ին հավատարմության երդում տվել:

 

«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Հաղորդվում է, որ 2014 թվականին Մատինը հարցաքննվել է իսլամիստների հետ կապի կասկածանքով, բայց այդ ժամանակ ոչինչ չի հարուցել գործակալների կասկածը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գիշերային ակումբում հրաձգության հետևանքով մահացել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են: Հանցագործն ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինն է, ով սպանվել է ոստիկանության կողմից գրոհի ընթացքում: Օռլանդոյում տեղի ունեցածը զոհերի թվով նման տեսակի ամենախոշոր միջադեպն է ԱՄՆ պատմության ընթացքում:       

ԻՊ-ն Օռլանդոյի հրաձիգին «Ամերիկայում խալիֆայության մարտիկներից մեկն» է անվանել