«Ես մահանալու եմ». Օռլանդոյի զոհերից մեկի հաղորդագրությունը մորը (լուսանկարներ)
Ամերիկյան Օռլանդո քաղաքի միասեռականների Pulse գիշերային ակումբ զինված հանցագործի ներխուժումից հետո, Էդի Ջասթիսն ակումբի զուգարանից մի քանի ահաբեկված հաղորդագրություն է ուղարկել իր մորը: Նրա մայրը որոնել է նրան և հաջորդ օրը ցույց է տվել լրագրողներին որդու ուղարկած հաղորդագրությունները, բայց տղայի անունն արդեն սպանվածների ցանկում է հայտնվել, գրում է BBC-ն:
«Մայրիկ, ես քեզ սիրում եմ»,- գրված է եղել Մինա Ջասթիսին ուղարկված առաջին նամակում:
«Ակումբում կրակում են»,- եղել է հաջորդ նամակում:
30-ամյա Էդին եղել է ակումբում պատանդ մնացածներից մեկը: Նրա մայրը քնած է եղել, բայց արթնացել է ստացած հաղորդագրություններից: Նա փորձել է զանգահարել որդուն, բայց նա չի պատասխանել, և կինը պատասխան հաղորդագրություն է գրել. «Դու լա՞վ ես»: Որդին մեկ րոպե անց պատասխանել է. «Մնացել եմ զուգարանում» և խնդրել է մորը ոստիկանություն զանգահարել:
Հաջորդ րոպեներին Մինան մի քանի հաղորդագրություն է ուղարկել Էդիին՝ ասելով, որ զանգում է ոստիկանություն, և խնդրել է նրան պատասխանել հեռախոսին:
Ժամը 02:39-ին նա գրել է. «Նա գալիս է: Ես մահանալու եմ»:
Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գիշերային ակումբում հրաձգության հետևանքով մահացել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են: Հանցագործն ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինն է, ով սպանվել է ոստիկանության կողմից գրոհի ընթացքում:













