Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան տոնակատարություններն ավարտվել են 10.000 անձի համար նախատեսված ճաշկերույթով (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի 90-ամյակին նվիրված տոնակատարությունները կիրակի օրն ավարտվել են Բուքինգհեմյան պալատի դիմաց խոշոր ընդունելությամբ, որը նախատեսված է եղել 10.000 մարդու համար, գրում է РИА Новости-ն:
Հորդառատ անձրևը, որը սկսվել է բրիտանական մայրաքաղաքում վաղ առավոտից, չի խանգարել հյուրերին և բոլոր ցանկացողներին ներկա լինել միջոցառմանը:
Թագուհին ամուսնու` Էդինբուրգի հերցոգ Ֆիլիպի հետ մեքենայով անցել է Լոնդոնի գլխավոր Մել փողոցով` ողջունելով հյուրերին: Այդ կարճ ուղևորության ընթացքում լրագրողների ուշադրությունը գրավել է Ֆիլիպը, ով հարվածել է մեքենային և վարորդին նշան արել ավելի արագ վարել:
Քեմբրիջի դուքս Ուիլյամը թագուհու թոռների և ծոռների անունից ելույթ է ունեցել և շնորհակալություն հայտնել տատիկին այն ամենի համար, ինչ նա արել է իր ընտանիքի համար:
Թագուհին ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին, սակայն ավանդույթի համաձայն պաշտոնապես նրա ծննդյան օրը նշվում է հունիսի առաջին, երկրորդ կամ երրորդ շաբաթ օրը։





















