Օռլանդոյի միասեռականների ակումբում 50 մարդու սպանած ահաբեկիչն ինքն էլ է միասեռական եղել. The New York Daily News
Ամերիկյան Օռլանդո քաղաքում գտնվող Pulse միասեռականների ակումբում հրաձգություն իրականացրած ու 50 մարդու սպանած Օմար Մատինը միասեռական է եղել, անցած 3 տարում կանոնավոր այցելել է տվյալ ակումբը, ինչպես նաև Grindr ծանոթությունների ծառայության միջոցով շփվել է միասեռականների հետ:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, ահաբեկչի առաջին կինը` Սիտորա Յուսուֆիյն ասել է, որ ամուսնությունից հետո Մատինը խոստովանել է, որ նախկինում միասեռականության փորձ է ունեցել ու հաճախ է նմանատիպ ակումբներ այցելել:
Ոստիկանական ակադեմիայում Մատինի դասընկերներից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը, WFTV9 հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է, որ իսլամի հետևորդ հանդիսացող Մատինը գաղտնի միասեռական է եղել ու երկակի կյանք է վարել:
«Մենք միասին մի քանի նմանատիպ ակումբներ ենք գնացել»,-խոստովանել է դասընկերը:
Մինչդեռ Pulse ակումբի մշտական այցելուներն ու աշխատողները ևս հաստատել են, որ Մատինը հաճախակի էր այնտեղ գալիս ու լավ ժամանակ անցկացնում:
«Նա չափից շատ էր խմում ու բողոքում էր իր ընտանիքից` ծնողներից, կնոջից: Ենթադրում եմ, որ նրան տանջում էր այն փաստը, որ ինքը միասեռական է ու չի կարողանում բացեիբաց հայտնել այդ մասին ընտանիքին»,-ասել է ակումբի աշխատողներից մեկը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ամերիկյան NBC հեռուստաալիքը զրուցել է Օմար Մատինի հոր` Սեդիքի հետ: Նա իր ողջ ընտանիքի անունից ներողություն է խնդրել որդու արարքի համար:
«Մենք պատկերացում անգամ չենք ունեցել, թե ինչ է նա պատրաստվում անել: Մենք, ինչպես և ողջ երկիրը, շոկի մեջ ենք: Կարող եմ միայն մի բան ասել վստահորեն` կրոնը տեղի ունեցածի հետ որևէ կապ չունի»,-ասել է տղամարդը:
Սեդիքի խոսքով՝ իր որդին նախկինում էլ էր ագրեսիվ վարք ցուցաբերում միասեռականների հանդեպ:
«Նա ուղղակի ցասման մեջ էր ընկել, երբ մի քանի ամիս առաջ Մայամիում տեսել էր համբուրվող տղամարդկանց: Նմանատիպ բաները հունից հանում էին նրան»,-ասել է հայրը:
Հիշեցնենք, որ 29-ամյա Մատինը զինված մտել է ակումբ ու կրակ բացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակահերթ են բացել հանցագործի ուղղությամբ, ով բավական երկար ժամանակ դիմակայել է: Վերջիվերջո ոստիկանները սպանել են ահաբեկչին: Հետագայում պարզվել է, որ Մատինն իր հետ ակումբ է բերած եղել նաև պայթուցիկ նյութ, որը վնասազերծել են սակրավորները:










