Թրամփը վերահաստատել է, որ ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում կարգելի մուսուլմանների մուտքը երկիր
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը վերահաստատել է, որ ընտրվելու դեպքում կարգելի մուսուլմանների մուտքը երկիր:
«Սան Բեռնարդինոյից հետո ես կոչ արեցի արգելել մուսուլմանների մուտքը, սակայն դա մեծ քննադատությամբ ու զայրույթով ընդունվեց: Բայց այժմ… պարզ է դառնում, որ ես ճիշտ էի: Չնայած այդ արգելքը ժամանակավոր է լինելու, մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում: Արգելքը կհանվի, երբ երկիրը կարողանա կատարելապես ստուգել այն մարդկանց, որոնք մեր երկիր են գալիս»,-ասել է Թրամփը:
Նա հիշեցրել է, որ ներգաղթային օրենսդրությունը նախագահին թույլ է տալիս սահմանափակել ներգաղթյալների ցանկացած խմբի մուտքը երկիր:
«Ես արգելք կսահմանեմ այն երկրներից մարդկանց մուտքի համար, որոնցում ԱՄՆ-ի, Եվրոպայի և մեր դաշնակիցների նկատմամբ ահաբեկչություն իրականացնելու ապացուցված պատմություն կա»,-ասել է նա:
Թեկնածուն նշել է, որ երբ 50, կամ գուցե և ավելի մարդ է զոհվում, տասնյակները վիրավորվում են, հարցը շրջանցելն անհնար է դառնում:
Հիշեցնենք, որ Ֆլորիդայի բնակիչ, ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինը երեկ գիշերային ակումբում սպանել էր 49 մարդու, վիրավորել 53-ին, ինչից հետո ոչնչացվել էր ոստիկանության կողմից:
Սա Ամերիկայի նորագույն պատմության մեջ քաղաքացիների ամենամեծաթիվ զոհերով գնդակահարությունն է:










