Ավելի քան 200 հայ զինվորականներ այս տարի կվերապատրաստվեն ռուսական ռազմական բուհերում. Շոյգու

13:36 • 15.06.16

Ավելի քան 200 հայ զինվորականներ այս տարի կվերապատրաստվեն ռուսական ռազմական բուհերում: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է РИА Новости-ն:

 

«Մեր համագործակցության տեմպերը և հագեցվածությունը մեզ բավարարում են: Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով, առանձին կարող եմ նշել կրթական ուղղությունը. մեծ թվով սպաներ արդեն վերապատրաստվում են մեր կրթական հաստատություններում»,- ասել է Շոյգուն։

 

Նրա խոսքով՝ այս տարի կա ավելի քան 200 սպայի դիմում, և Մոսկվայում «պատրաստ են աջակցել դրան»: «Հուսով ենք, որ ձեր սպաներն արժանի կրթություն կստանան»,- ասել է Շոյգուն՝ նշելով ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության բարձր մակարդակը:

 

Իր հերթին, Սեյրան Օհանյանը հայտնել է, որ ուրախ է հանդիպելու և պաշտպանական ոլորտում համագործակցության որոշ հարցերի շուրջ դիրքորոշումները համաձայնեցնելու հնարավորությանը:

 

«Կարծում եմ՝ մեր պարբերական երկկողմ հանդիպումները և համատեղ միջոցառումները բարի ավանդույթ են դարձել և ևս մեկ անգամ վկայում են, որ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, և մեր համագործակցությունը պաշտպանության ոլորտում դինամիկ կերպով զարգանում է»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:

Ավելի քան 200 հայ զինվորականներ այս տարի կվերապատրաստվեն ռուսական ռազմական բուհերում. Շոյգու