Գերմանիան կասկածում է ՌԴ-ին Malaysia Airlines-ի ինքնաթիռի աղետի հետաքննության տվյալների բազայի վրա կիբեռհարձակման համար
Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայությունը (BfV) հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները 2015 թվականի աշնանը հարձակվել են Նիդեռլանդների անվտանգության խորհրդի համակարգիչների վրա՝ Ուկրաինայի արևելքում Malaysia Airlines-ի Boeing MH17-ի աղետի մասին զեկույցի հրապարակումից առաջ: Այդ մասին հաղորդվում է BfV-ի զեկույցում, գրում է gazeta.ru-ն:
Փաստաթղթում նշվում է, որ համանման արևմտյան կազմակերպությունների վրա երկար տարիներ շարունակ պարբերական դարձած հաքերային հարձակումների հետևում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները:
Նման հարձակումների թվում նշվում է Նիդեռլանդների անվտանգության խորհրդի վրա կիբեռհարձակումը «մի ժամանակահատվածում», որը կապված է «Ուկրաինայի արևելքում 2014 թվականի հուլիսի 17-ին Malaysia Airlines-ի ինքնաթիռի աղետի պատճառների մասին 2015 թվականի աշնանը վերջնական զեկույցի հրապարակման հետ»:
Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը կործանվել է 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռում եղել է 283 ուղևոր և անձնակազմի 15 անդամ:










